Կյանքից հեռացավ հայկական գիտության և կրթության երախտավոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս՝ Նորայր Հունանի Առաքելյանը:
Նորայր Հունանի Առաքելյանը ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա- մաթեմատիկական ֆակուլտետում։
1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Նրա աշխատանքային գործունեությունը կապված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի Պետական Համալսարանի հետ: 1989 - 1991, 1997-2006 թթ. հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991 – 1993թթ.՝ Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր։
2006-2016 թթ. հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:
Նրա միջազգային մեծ հեղինակության մասին է վկայում մասնավորապես այն , որ 2004 թ. նրան ընտրել են Տրիի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր։
Նորայր Հունանի Առաքելյանը ակնառու ներդրում ունի կոմպլեքս անալիզի և մոտավորությունների տեսության բնագավառներում։ Նրա կողմից կատարված հիմնարար հետազոտությունները մաթեմատիկայի այդ բնագավառներում ճանաչում են գտել միջազգային հանրության կողմից: Մեծ է նրա ներդրումը Հայկական մաթեմատիկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության արժանանալու գործում:
Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Նորայր Հունանի Առաքելյանը արժանացել է բազմաթիվ մեդալների և պարգևների, որոնցից են ՝ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013թ.)։
Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտական կոլեկտիվը, սգում է ակադեմիկոս Նորայր Առաքելյանի մահը և ցավակցում նրա հարազատներին և գործընկերներին:
Նորայր Առաքելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՀՀ ԳԱԱ Նախագահություն
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
Մաթեմատիկայի ինստիտուտ
Նորայր Հունանի Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 2023 թ. դեկտեմբերի 29-ին ժ. 17:00 - 20:00 «ԼյուԱար» սգո սրահում (Երևան, Սիլիկյան խճուղի, 18 շենք )։