Կյանքից հեռացել է Նորայր Առաքելյանը

Կյանքից հեռացավ հայկական գիտության և կրթության երախտավոր,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս՝ Նորայր Հունանի Առաքելյանը:

Նորայր Հունանի Առաքելյանը ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա- մաթեմատիկական ֆակուլտետում։

1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Նրա աշխատանքային գործունեությունը կապված է Հայաստանի Հանրապետության  Գիտությունների Ազգային Ակադեմիայի  և Երևանի Պետական Համալսարանի հետ: 1989 - 1991, 1997-2006 թթ. հանդիսացել է  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991 – 1993թթ.՝ Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր։

2006-2016 թթ. հանդիսացել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:

Նրա միջազգային մեծ հեղինակության մասին է վկայում մասնավորապես այն , որ 2004 թ. նրան ընտրել են Տրիի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր։

Նորայր Հունանի Առաքելյանը ակնառու ներդրում ունի կոմպլեքս անալիզի և մոտավորությունների տեսության բնագավառներում։ Նրա կողմից կատարված հիմնարար հետազոտությունները մաթեմատիկայի այդ բնագավառներում ճանաչում են գտել միջազգային հանրության կողմից: Մեծ է նրա ներդրումը Հայկական մաթեմատիկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության արժանանալու գործում:

Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Նորայր Հունանի Առաքելյանը  արժանացել է բազմաթիվ մեդալների և պարգևների, որոնցից են ՝ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013թ.)։

Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտական կոլեկտիվը, սգում է ակադեմիկոս Նորայր Առաքելյանի մահը և ցավակցում նրա հարազատներին և գործընկերներին:

Նորայր Առաքելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

                                                                                                     ՀՀ ԳԱԱ Նախագահություն

                                                                                                    Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք

                                                                                                    Մաթեմատիկայի ինստիտուտ

 

Նորայր Հունանի Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 2023 թ. դեկտեմբերի 29-ին  ժ. 17:00 - 20:00  «ԼյուԱար» սգո սրահում (Երևան, Սիլիկյան խճուղի, 18 շենք )։