ՎԱԼԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի 63-րդ տարում, ս.թ. մարտի 13-ին վաղաժամ իր մահկանացուն կնքեց շնորհալի հայ մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վալերի Հակոբի Մարտիրոսյանը:

Իր գիտական մկրտությունը Վ. Մարտիրոսյանը ստացել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում (1966-71-թթ): Ուսման տարիներին բարձր առաջադիմության համար նա արժանացել է Պետական Լենինյան թոշակի: Այնուհետեւ 1974-ին ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան «Մաթեմատիկական անալիզ» մասնագիտությամբ:
 
1974-1992 թթ. Մարտիրոսյանը աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում` զբաղեցնելով կրտսեր, ավագ եւ առաջատար գիտաշխատողի պաշտոններ «Մոտավորությունների տեսության» բաժնում: Այստեղ էլ նա 1978-ին պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1989-ին Թբիլիսիի պետական համալսարանում` դոկտորական ատենախոսությունը:
 
1992-2000 թթ. աշխատելով ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի «Ֆունկցիաների տեսության» ամբիոնում որպես պրոֆեսոր` նա 2000-2011թթ. շարունակել է իր գիտամանկավարժական գործունեությունը նույն ամբիոնում որպես ամբիոնի վարիչ` վայելելով իր գործընկերների եւ աշխատակիցների հարգանքը: Այդ տարիներին նա կարդացել է մի շարք հիմնական եւ նոր մասնագիտական դասընթացներ, ղեկավարել կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է երեք թեկնածուական ատենախոսություն:
 
1992 թվից Վ. Մարտիրոսյանը համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող, իսկ 2011-ին ընտրվեց այդ ինստիտուտի տնօրեն:
 
Վ. Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված էին կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության եւ կոմպլեքս անալիզի բնագավառների հետ, որտեղ նա ստեղծել է հետազոտական նոր մեթոդներ, ստացել մի ամբողջ շարք բարձրորակ, միջազգային ճանաչում ստացած արդյունքներ: Նա ակտիվորեն մասնակցում էր միջազգային գիտաժողովների աշխատանքներին, ունի մի շարք համատեղ գիտական հոդվածներ իր գերմանացի գործընկերների հետ` տպագրված միջազգային ամսագրերում: Արդյունավետ գիտական եւ գիտամանկավարժական գործունեության համար Վ. Մարտիրոսյանը 2006 թվին ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Ցավոք, վաղաժամկետ մահը անավարտ թողեց նրա գիտական մի ամբողջ շարք ծրագրերը:
 
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի կոլեկտիվը, հանրապետության մաթեմատիկական հասարակայնությունը խորապես վշտացած է լավ գիտնականի, հիանալի մարդու եւ ղեկավարի մահվան կապակցությամբ եւ իր ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին: