ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ժամանակակից մաթեմատիկայի հետազոտություններն սկիզբ են առել 1944 թվականին, երբ նորաստեղծ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում բացվեց Մաթեմատիկայի և Մեխանիկայի բաժինը: Հետագայում բաժինը վերափոխվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստիտուտի, որի առաջին տնօրեն ընտրվեց կոմպլեքս անալիզում իր գիտական արդյունքներով հայտնի ակադեմիկոս Արտաշես Շահինյանը:

Մաթեմատիկայի բաժնի զարգացման և խոստումնալից կադրերի ի հայտ գալու արդյունքում 1971 թվականին ինստիուտից առանձնանում և կազմավորվում է Մաթեմատիկայի ինստիտուտը: Առ այսօր ինստիտուտի տնօրենի պաշտոնում աշխատել են ակադեմիկոսներ  Մխիթար Ջրբաշյանը (1971-1989, 1989-1994 պատվավոր տնօրեն), Նորայր Առաքելյանը(1989-1991, 1997-2006), Ալեքսանդր Թալալյանը (1991-1997), ֆ.մ.գ.դ. Բագրատ Բատիկյանը (2006-2010),  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վալերի Մարտիրոսյանը (2011-2012), Ռաֆայել Բարխուդարյան (2014-2019), Գրիգորի Կարագուլյան (2019-2022): Ինստիտուտի կայացման և զարգացման հարցում մեծ են նաև ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանի, Ռաֆայել Ալեքսանդրյանի, Ռուբեն Համբարձումյանի և Անրի Ներսեսյանի ներդրումը:

Սկզբնական շրջանում հետազոտությունները կատարվում էին ֆունկցիաների տեսության շրջանակներում: Հետագայում հետաքրքրությունների ոլորտը ընդլայնվեց և այժմ այն ընդգրկում է դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների, ֆունկցիոնալ անալիզի, հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության, մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր հարցեր:

Ներկայումս ինստիտուտն ունի մոտ 25 հիմնական գիտաշխատող, ինչպես նաև մի շարք հետազոտողներ Երևանի Պետական Համալսարանից: Ինստիտուտի աշխատակազմի կողմից ստացված գիտական նորությունները հիմնականում տպագրվում են Գիտությունների Ազգային Ակադեմիայի «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր: Սերիա Մաթեմատիկա» ամսագրում, որը հիմնադրվել է 1966 թվականին: 1979 թվականին սկսած անսագիրը թարգմանվում է անգլերեն և տպագրվում է «Ժամանակակից Մաթեմատիկական Անալիզի Ամսագրում»: Այն իրականացվում է ԱՄՆ-ում գործող «Ալերտոն Պրեսսի» կողմից: